Իրանից Հայաստանին հղվող ուղերձները հարիր չեն երկու երկրների պատմական բարեկամությանը․ Արմեն Պետրոսյան

737

Անցած շուրջ 3 ամիսների ընթացքում բարեկամական Իրանում պարբերաբար տարբեր մակարդակներում անհարկի շահարկվել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման թեման։ Ընդ որում, քաղաքական հայտարարությունները, մամուլի հրապարակումները, տարաբնույթ բողոքի գործողություններն ակամայից տպավորություն են ստեղծում որոշ ոչ բարեկամական շրջանակների կողմից կազմակերպված և ուղղորդված բացահայտ հակահայկական անհեռատես քարոզչական գրոհի, որը հարիր չէ երկու հարևան երկրների և ժողովուրդների՝ հազարամյակներով թվագրվող բարեկամության տեսանկյունից։

Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Իրանում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, որն ուղղված էր Իսրայելում դեսպանատուն բացելու Երևանի որոշում դեմ։

«Առնվազն մտահոգիչ է, որ հերթական անգամ հիշեցնելու անհրաժեշտություն է առաջանում՝ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է և, ինչպես միջազգային ընտանիքի անդամ մյուս պետությունները, անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու, որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացման ձևի և բովանդակության ընտրության հարցերում՝ բնականաբար հիմնված ազգային և պետական շահի վրա։

Բացի այդ, Երևանը մշտապես ունեցել է սկզբունքային, հավասարակշռված և արտաքին հարաբերություններում մեկը մյուսին չստորադասող, տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ, նաև վստահելի գործընկերոջ ընկալում, ինչն ապացուցվել է պատմականորեն: Հայաստանը երբեք կշեռքի նժարներին չի դրել տարբեր բարեկամական երկրների հետ հարաբերությունները, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի և Իրանի հետ համագործակցությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելով դրանց զուգահեռ զարգացման և խորացման ուղղությամբ։

Հայաստանը պատմական Պաղեստինի տարածքում ունի բացառիկ ազգային շահեր, և դրանց պաշտպանությունն օրակարգային էր դարձնում Իսրայելում ՀՀ դեսպանատան հիմնումը։ Հետևաբար, բոլոր բարեկամական, այդ թվում մուսուլմանական երկրները պետք է գիտակցեն նշվածը, ինչպես Հայաստանն է ըմբռնումով մոտենում, օրինակ, ոչ բարեկամական Ադրբեջանի հետ տարաբնույթ հարաբերություններ զարգացնելու հարևանների և գործընկերների իրավունքին»,- գրում է Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ: