Լավրով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավարությունը պահպանվում է»

1427

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
Հարցին, թե արդյո՞ք նա հնարավոր համարում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց այն ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու և արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրանում դեր խաղալ, Լավրովը պատասխանել է.
«Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:

Հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ և առաջ, Երևանի և Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել ևս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության և կայունության ամրապնդմանը։