Հայաստանը չի պատրաստվում խորացնել մի երկրի հետ հարաբերությունները մյուսի հաշվին․ Զոհրաբ Մնացականյան

1149

Հայաստանը չի պատրաստվում խորացնել մի երկրի հետ հարաբերությունները մյուսի հաշվին: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները 3 հիմնական ուղղություններով՝ Ռուսաստան (ԵԱՏՄ, ՀԱՊԿ), Եվրամիություն (անդամ երկրներ) և ԱՄՆ: «Սակայն մենք գործում ենք միջազգային օրակարգի հակասական մթնոլորտում»,-խոստովանեց Մնացականյանը:

Ինչպես նշեց նախարարը, ԶԼՄ-ներում այժմ քննարկվում է հետագա զարգացման ուղղությունների և արտաքին քաղաքականության հարաբերությունների ձևավորման միջև ընտրության հարցը, սակայն Հայաստանը գործում է իր սեփական շահերից ելնելով: «Դա դժվար հավասարակշռություն է…Դա բարդ է, սակայն՝ անհրաժեշտ»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը:    

Նշենք, որ օրերս ԶԼՄ-ները քննարկում էին Իսրայելում դեսպանություն բացելու նպատակահարմարությունը Իրանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման համատեքստում:

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշեց դեսպանություն բացել Իսրայելում: 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու մասին: