Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 11-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայի առողջապահության նախարաև Ֆահրեթիին Քոջան ներկայացրել է հունիսի 10-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 36․521 թեստ, որոնցից 922-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, առողջացել է 2․241 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 173․036 հաստատված դեպք և մահվան 4․746 դեպք, առողջացել է 146․839 հիվանդ:
Ադրբեջանում հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք, 210 մարդ ապաքինվել է, 6 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 8․882 դեպք, 4․930 մարդ ապաքինվել է, 108 մարդ՝ մահացել։ Մինչ այժմ կատարվել է 362․654 թեստ։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 4-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 828-ից բուժվողների թիվը կազմում է 121, մահացածների թիվը՝ 13, իսկ բուժված անձանց՝ 694: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3.230, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 285:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․238-ով՝ կազմելով 180․156: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․011 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 78 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8․584: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 81 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 142․663: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 140․590 էր։ Մինչ օրս 1 173․208 թեստ է անցկացվել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 18-ը մահացել են վերջին մեկ օրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 566–ով և դարձել 14․669։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8․876 մարդ, կատարվել է 75․389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5․466-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։ Այս մասին հայտնում Արցախի առողջապահության նախարարությունը: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 68-ի, 43 մարդ ապաքինվել է: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստան է ուղարկվել 1․224 նմուշառում: