Միջազգային հանրությունը ոչ միայն չի օգնում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, այլև` խանգարում. Արցախի ՄԻՊ

612

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն արձագանքել է Եվրախորհրդարանի երեք պատգամավորների`Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանը վերաբերող հայտարարությանը։
Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում: Սակայն առավել ցավալին այն է, որ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը կոչված եվրոպացի պաշտոնատար անձինք ոչ միայն որևէ բառ երբևէ չեն ասել միջազգային մեկուսացման ու ադրբեջանական սպառնալիքների պայմաններում ապրող արցախցիների իրավունքների մասին, այլ նույնիսկ որոշում են դատապարտող հայտարարություն անել մեր սեփական ջանքերով ու միջոցներով իրականացվող զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները եթե չեն այցելում Արցախ, եթե աջակցություն չեն ցուցաբերում մեր իրավունքների պաշտպանությանը, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, եթե նույնիսկ շնորհակալություն չեն ասում ՀՀ-ին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց փոխարեն իրենց միջազգային պարտավորությունները կատարելու համար, ապա գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին:

Ես կառաջարկեի նրանց մտածել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին, առավել ևս, երբ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ են նշանակում ազատ տեղաշարժի նման սահմանափակումներն ու մեկուսացումը: Արցախի բնակչությունն ունի բոլոր իրավունքները, ինչ հայտարարություն կատարած անձինք, և մեր անվտանգության ապահովման, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մենք կլուծենք ողջ հայության աջակցությամբ, նրանցից ակնկալվում է միայն չխանգարել…»: