Բողոքի ակցիա Ադրբեջանում՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների

1231

Ադրբեջանում, չնայած կորոնավիրուսի սպառնալիքին, մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել բողոքելու ոստիկանության կամայականությունների և բռնությունների դեմ: Ակցիան տեղի է ունեցել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանք կոչ են արել վերջ դնել ոստիկանության բռնություններին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ բողոքի ակցիայի պատճառը հունիսի 7-8-ը Բաքվի «Ենի Յասամալ» շրջանում բնակիչների կալանավորման ժամանակ ոստիկանության կողմից կիրառված բռնությունն է եղել։

«Ձեր խնդիրն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, և դուք ապօրինաբար, առանց դատական ​​կարգադրության ներխուժում եք քաղաքացիների բնակարան, կիսամերկ մարդկանց փողոց եք դուրս բերում բոլորի առջև, անպարկեշտ հայհոյանքներ եք հնչեցնում, ծեծում եք հասարակության մեջ: Ի՞նչ իրավունք ունեք: Ձեզ նրանց դրության մեջ դրեք, կցանկանայի՞ք ձեզ հետ այդպես վարվեին»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Նարմին Շահմարզադեն:

Կինը մյուս ակտիվիստների հետ միասին բերման է ենթարկվել։

Նշենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: