Թուրքիան ջանում է ոչնչացնել Սիրիայի և Իրաքի եզդիներին․ եզդի պատգամավոր

591

Թուրքիան նպատակաուղղված կերպով ձգտում է ոչնչացնել եզդիներին իրենք հայրենիքում՝ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին ՀՀ խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է եզդի համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բակոյանը։

Աֆրինում թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականները ավերում են եզդիական գյուղերն ու աղոթատեղիները, եզդի աղջիկները բռնությամբ կնության են տրվում մուսուլմաններին։ Իրաքում թուրքական կործանիչները հարվածներ են հասցնում եզդիաբնակ Սինջարին։

«Թուրքական բանակի գործողությունները ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան եզդի ժողովրդին՝ վերադառնալ իրենց հայրենիք։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում կենտրոնանալ ռազմական խնդիրների լուծման վրա և ապահովել մեր հայրենակիցների արժանապատիվ ու ապահով վերադարձը հայրենիք», — հավելել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2014թ․ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծածավալ բռնի գործողություններ իրականացրեցին Իրաքի հյուսիսում բնակվող եզդիների դեմ։ Հարկադիր տեղահանված եզդիների մեծ մասը 6 տարի անցկացրել է փախստականների ճամբարներում, սակայն շուրջ 200 եզդի ընտանիք, ի վերջո, որոշել է վերադառնալ իրենց ավերված բնակավայրեր, որտեղ նրանց կյանքին ուղղված սպառնալիքները դեռևս չեն վերացել։