Հարցում․ Թուրքիայի բնակիչները ամենից քիչ վստահում են էրդողանամետ մամուլին

1232

Ժուռնալիստիկայի ուսումնասիրության «Reuters» ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը ամենից հավաստի է համարում «Fox TV» և «NTV» հեռուստաալիքների լրատվությունը, իսկ իշխանամետ «A Haber»-ին բնակչությունն ամենից քիչ է վստահում։

Հարցման մասնակիցների շուրջ 77 տոկոսը հայտարարել է, որ վստահում է «Fox TV»-ին, իսկ «NTV»-ին վստահողների քանակը 74 տոկոս է կազմել։ Մյուս կողմից, իշխանամետ «A Haber»-ի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների միայն 56 տոկոսը։

Թերթերի շարքում ամենից մեծ վստահություն են վայելում «Sözcü» (73 տոկոս) և «Cumhuriyet» (73 տոկոս) պարբերականները։ Իսկ իշխանամետ «Sabah»-ը հայտնվել է ամենաանվստահելի աղբյուրների շարքում (59 տոկոս)։ Բնակչության կողմից համեմատաբար քիչ վստահություն են վայելում նաև «OdaTV» (61 տոկոս), «Show TV» (63 տոկոս), «Milliyet»  և «Hürriyet» (64 տոկոս) թերթերը։

Ըստ հարցման արդյունքների՝  չնայած այն հանգամանքին, որ իշխանական լրատվամիջոցներին քիչ են վստահում, Թուրքիայի բնակիչները, այնուամենայնիվ, պարբերաբար հետևում և կարդում են դրանք։  

Հարցումը ցույց է տվել նաև, որ չնայած քաղաքներում էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ հետաքրքրության աճին՝ Թուրքիայի ողջ տարածքում նախկինի պես լրատվության առաջնային աղբյուրը մնում է հեռուստատեսությունը։ Տպագիր մամուլը ևս շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ, թեև դրանց ընթերցողների թիվը հետզհետե նվազում է։