Բաղդադը պահանջել է Անկարայից անհապաղ դադարեցնել ռազմագործողություններն Իրաքի հյուսիսում

626

Բաղդադը պահանջել է, որ Անկարան անհապաղ դադարեցնի ռմբակոծությունները Իրաքի հյուսիսում, որտեղի թուրքական հատուկ ուժերն ու ուղղաթիռները հարվածում են քուրդ զինյալների ապաստարաններին:

Հունիսի 17-ի վաղ առավոտյան Թուրքիան ցամաքային գործողություն էր սկսել հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում, որտեղ, ինչպես համարվում է, թաքնվում է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը:

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան հանձնել «խիստ ձեւակերպված հուշագիր՝ կոչ անելով դադարեցնել նման սադրիչ գործողությունները»: «Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռմբակոծությունները և իր ուժերը դուրս բերի Իրաքի տարածքից»,- ասվում է նախարարության փաստաթղթում: «Մենք հաստատում ենք այդ խախտումների հանդեպ մեր վճռական դժգոհությունը»:

Հունիսի 18-ին Իրաքը նաև կանչել է Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիին՝ իր բողոքը ներկայացնելով հունիսի 16-ին քրդական տարածքների գնդակոծության դեմ:

ԱԳՆ հայտարարությունը կոչ է անում Իրանին «հարգել Իրաքի ինքնիշխանությունը և դադարեցնել այդպիսի գործողությունները»: «Իրաքը ձգտում է պահպանել և զարգացնել երկու երկրների միջև պատմական կապերը, ինչպես նաև ընդգծում է այդ գործողությունների դատապարտումը»,- ասել են նախարարությունում:

Իրաքում Թուրքիայի դեսպանն արդեն երկու անգամ կանչվել է արտաքին գործերի նախարարություն:

Հունիսի 16-ին նախարարությունում հանդիպումից հետո Յըլդըզը ասել է, թե իրաքցի պաշտոնյաներին հայտարարել է, որ եթե Բաղդադը գործողություն չձեռնարկի զինյալների դեմ, Անկարան կշարունակի «պայքարել ՔԲԿ-ի դեմ, որտեղ էլ այն լինի»: