Ադրբեջանը հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը

1372

Ադրբեջանի իշխանությունները համավարակի պատճառով երկրում սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև օգոստոսի 1-ը: Այս մասին հունիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Ուսումնասիրվել է երկրում համաճարակաբանական իրավիճակը և որոշում է կայացվել հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև օգոստոսի 1-ը»,-ասել է Աբդուլաևան:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ երկրի 7 քաղաքաներում, այդ թվում՝ Բաքվում և Ապշերոնի շրջանում հունիսի 21-ին, ժամը 00: 00-ից երկու շաբաթով` մինչև հուլիսի 5-ի ժամը 06: 00-ն սահմանվել են խիստ կարանտինային սահմանափակումներ։

Աբդուլլաևան պարզաբանել է, որ խիստ կարանտին է հայտարարվում այն բնակավայրերում, որտեղ վարակման ամենաշատ դեպքերն են գրանցվել։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ երկու շաբաթով կվերականգնվի 1 ամիս առաջ չեղարկված այսպես կոչված SMS համակարգը, որը թույլատրում էր մարդկանց տնից դուրս գալ, կդադարեցվեն առևտրի օբյեկտների, սննդի օբյեկտների գործունեությունը, կդադարեն գործել վարսահարդարման և գեղեցկության սրահները, կփակվեն թանգարաններն ու ցուցասրահները:

Աբդուլաևան նաև նշել է, որ Ադրբեջանում դեռևս արգելված են զանգվածային միջոցառումների, հարսանիքների և հիշատակի միջոցառումների անցկացումը և միջքաղաքային երթևեկությունտը: Նախատեսվում է նաև , որ պետական ​​մարմինների և բյուջետային կազմակերպությունների աշխատողների մի մասը կանցնի աշխատանքային հեռավար ռեժիմի, որը հերթափոխով կլինի: