Արգենտինան պահանջել է Բաքվից ձերբակալել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականին

1591

Բաքվում նոյեմբերի 14-15-ը նախատեսվում է անցկացնել տարբեր երկրների հոգևոր առաջնորդների համագումարը, որին ըստ իրանական մամուլի՝ մասնակցելու է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով «The Jerusalem Post» պարբերականին, գրել են, որ 1994թ. Բուենոս Այրեսում Հրեական մշակույթի կենտրոնի պայթեցման գործում Իրանը մասնակցություն է ունեցել. այդ գործում հատկապես նշվել է Ալի Աքբար Վելայաթիի անունը, որը 1981-1997թթ. զբաղեցնում էր Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Պարբերականի հաղորդմամբ՝ Արգենտինայի ԱԳ նախարարությունն Ադրբեջանի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Վելայաթիի՝ Ադրբեջան կատարելիք այցի առնչությամբ՝ Բաքվից պահանջելով ձերբակալել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականին և հանձնել Բուենոս Այրեսին: