ԵԽ-ում քննարկվում է սիրիացիներին ապաստան տված երկրներին ֆինանսավորում տրամադրելու առաջարկը

557

Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովի անդամները հաստատել են հարևան երկրներում ապաստանած սիրիացիներին աջակցելու նպատակով այդ երկրներին 585 մլն եվրո տրամադրելու առաջարկը։

ԵԽ քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության անդամ, գերմանացի պատգամավոր Մոնիկա Հոհլմայերի հեղինակած «Բյուջեում փոփոխություններ մտցնելու» նախագծով ենթադրվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին։

Ընդ որում՝ Թուրքիային բաժին կհասնի 485 մլն եվրո՝ սիրիացի փախստականներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Մնացած 100 մլն եվրոն կտրամադրվի Հորդանանին և Լիբանանին։ Նշված գումարները պետք է ուղղվեն փախստականների կրթական, առողջապահական և սոցիալ-կենցաղային կարիքների բավարարմանը։

Փոփոխությունների փաթեթի հաստատումն առաջարկող զեկույցը բյուջեի հանջանժողովում քվեարկությամբ ընդունվել է (33 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ)։ Սակայն փոփոխությունների փաթեթի վերջնական հաստատման և ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ է, որ այն ընդունվի նաև ԵԽ պատգամավորների մասնակցությամբ կայանալիք քվեարկության արդյունքում։