Իրաքը կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, եթե Թուրքիան չդադարեցնի ռազմական գործողություններն իր տարածքում

627

Բաղդադը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և այլ միջազգային կառույցներ, եթե Թուրքիան չդադարեցնի Իրաքի տարաքում ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահաֆը։

Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է խոշոր ռազմական օպերացիան Իրաքում՝ ընդդեմ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության։ Հերթական խոշորամասշտաբ օպերացիայով, որն անցկացնում է առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության, Անկարան ցանկանում է ոչնչացնել Իրաքի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանակից հատվախներում տեղակայված ՔԲԿ-ի ճամբարներն ու հենակետերը։ 

«Իրաքը կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ խնդրելով անցկացնել արտահերթ նիստ այդ հարցը քննարկելու համար, ինչպես նաև Արաբական պետությունների լիգա, Իսլամական համագործակցության կազմակերպություն և այլ կառույցներ»,- ասել է Սահաֆը՝ մեկնաբանելով Բաղդադի հետագա քայլերը թուրքական ԶՈՒ-ի կողմից Իրաքի տարածքում չդադարող կրակի ֆոնին։

Իշխանությունները կարող են գործադրել Թուրքիայի վրա ազդեցության նաև այլ լծակներ, այդ թվում՝ տնտեսական, նշել է նա։

«Իրաքում կան տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 16 միլիարդ դոլարը տարեկան»,-նշել է Սահաֆը։