Ալիևները զինադադար կմուրան. Սերժ Սարգսյան

684

Ալիևները հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի պատասխանն ու կրկին զինադադար կմուրան։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում՝ Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն մեր վեր հառնող մշակութային ու հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար կմուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում», – ասել է նա։

Հունիսի վերջին Սերժ Սարգսյանը նույնպես անդրադարձել էր Ալիևներին։ Նա ասել էր․ «․․․նա պետք է լավ հիշի, որ․․․Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Սերժ Սարգսյանը հայտարարությունն արել է տեսակապով Արցախում Ամարասի վանական համալիրի՝ «Լույս» հիմնադրամի միջոցներով վերականգնման աշխատանքներին ծանոթանալիս։ Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։