Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է չորրորդ մարտական կորստի մասին

596

ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերում հերթական կորուստն է գրանցվել։ Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդմ՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդօղլուն։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սա հակառակորդի զինուժի ընդամենը չորրորդ կորուստն է։ Այնինչ դեռ նախորդ գիշեր ադրբեջանական սոցցանցերում խոսակցություններ էին պտտվում, որ Ադրբեջանի զինուժը արդեն առնվազն 17 զինվոր է կորցրել։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ Ադրբեջանը սկսել է հրետակոծել հայկական դիրքերը, ինչը շարունակվել է նաև հուլիսի 13-ի առավոտյան։