ՀՀ պաշտպանության նախարարը Անջեյ Կասպրշչիկին մանրամասներ է ներկայացրել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

1611

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,- գրել է Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Այնուհետև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել։ Հրետակոծությունը ադրբեջանական կողմից շարունակվել է նաև հուլիսի 13-ի առավոտյան։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է 4 զոհի մասին, մինչդեռ ադրբեջանական սոցցանցերում խոսվում է  առնվազն 17 զոհի մասին։ Հայկական կողմից կորուստներ չկան: