Տավուշում, տանկից բացի, օգտագործվել է նաև հաուբից և «Գրադ». Արծրուն Հովհաննիսյան

491

Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ կիրառել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ տեղեկությունը հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տանկերն ամենածանր սպառազինությունը չեն, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից։ Եթե օգտագործվել են հաուբիցներ, «Գրադ», ապա տանկը կիրառված ամենամեծ սպառազինությունը չէ։ Այո՛, «Գրադ» կիրառվել է»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։