Պետք է զերծ մնալ էսկալացիայի տանող քայլերից ու հռետորաբանությունից. ՌԴ ԱԳՆ ու ԵՄ ներկայացուցիչ

343

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայ-ադրբեջանական բախումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Կողմերը վերահաստատել են առավելագույն զսպվածություն ցուցաբերելու, հետագա էսկալացիայի տանող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը»,- ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցը կայացել է ԵՄ նախաձեռնությամբ:

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմը զոհեր չունի։ Հուլիսի 17-ի և 18-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: