Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով

1503

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ գիշերն անցկացրել է խորհրդարանի շենքի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում։

Նշենք, որ 2 օր առաջ բողոքի ակցիայի մեկնարկը տվել էր «Ամոթ է» նախաձեռնությունը՝ նախ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա տեղափոխվել խորհրդարանի շենքի դիմաց։

Ակցիան մեծ մասշտաբների էր հասել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում չհաստատվեց համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Արդյունքում՝ նախօրեին խորհրդարանի շենք դիմաց մի քանի հազար ցուցարար է հավաքվել։ Ընդդիմությունը ևս միացել է ցուցարարներին։ Գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվել են դեպի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։

Այս պահին ևս պողոտան փակ է։  Ցուցարարներն ասել են՝ չեն հեռանա մինչև չկատարվի գլխավոր պահանջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում կայացվի։ Նշվում է, որ կիրակի ավելի մասշտաբային ակցիա է սպասվում։

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վրաստանի այլ մեծ քաղաքներում։ Քութաիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։