Ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացին փորձել է խոշոր քանակությամբ թմրանյութ ներկրել Հայաստան

1373

Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ 

ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Հուլիսի 10-ին ոստիկանության ՔՈԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են զինված, զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու։

Տղամարդը պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվել է ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվել են փորձաքննության։

Հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ ազգությամբ ադրբեջանցի, 24-ամյա տղամարդը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։