Վրաստանում կվերսկսվեն ներքին ավիաթռիչքները

464

4-ամսյա դադարից հետո Վրաստանը պատրաստվում է վերսկսել ներքին ավիաչվերթները։

Հուլիսի 24-ից մի շարք ուղղություններով կրկին կանոնավոր չվերթներ կիրականացվեն։ Մասնավորապես, մինչև հուլիսի 31-ը Մեստիա–Նատախտարի ուղղությամբ կիրականացվի 6, Թբիլիսի–Բաթումի ուղղությամբ՝ 5 և Աբրոլաուր-Նատախտարի ուղղությամբ՝ 3 չվերթ։

Վրաստանի իշխանությունները դեռ հունիսի 15-ից թույլատրելին էին ներքին զբոսաշրջության վերսկսումը, սակայն ներքին թռիչքների վերաբերյալ որոշումը դեռևս նոր է ընդունվում։

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ 2020-ը ներգնա տուրիզմի տարի կլինի, իսկ ավիատոմսերը կունենան նույն արժեքը, ինչ 2019-ին։

Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանը 2020թ․ մարտին դադարեցրել էր ներքին և արտաքին բոլոր չվերթները։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, մինչ օրս երկրում պաշտոնապես արձանագրվել է վիրուսի 1․085 դեպք։

Ընդհանուր առմամբ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրների ցանկում է։ Եվրոպական որոշ երկրներ իրենց սահմանները բացել են վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը։