Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրում է բողոքի ակցիան

1625

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները այս րոպեներին ցրում են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին, որոնք շրջափակման մեջ են վերցրել խորհրդարանի շենքը:

Մի քանի ժամ առաջ ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է:

«Նոյեմբերի 17-ի ցույցի, այդ թվում նաև ողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է հավաքի բնականոն ընթացքն ու հասարակական կարգի պահպանությունը։ Խորհրդարանի շենքի մոտ ընթացող խաղաղ ցույցը, սակայն, հետագայում ստացավ ապօրինի ընթացք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Վարչական շենքերի գրոհումը կամ արգելափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կգործի», — նշված է հայտարարությունում:

Հայտարարությունը հրապարակելուց հետո Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին և ակտիվիստներին 30 րոպե ժամանակ էր տվել խորհրդարանի տարածքը լքելու համար։ Սակայն ցուցարարները չեն ենթարկվել իրավապահ մարմինների պահանջներին, ինչից հետո ոստիկանությունը սկսել է ուժի կիրառմամբ ցրել ցույցը։ Օգտագործվում են ջրցան մեքենաներ:

Հիշեցնենք, որ առավոտվանից ցուցարերները արգելափակել էին խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը ինչի պատճառով տեղի չէր ունեցել օրենսդրի բյուրոյի նիստը։

Նշենք, որ մի քանի օր է Վրաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Զանգվածային ցույցերը բռնկվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում չի հաստատվել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը։