«ՌԵՍՈ» ընկերությունների խմբի համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցի գործարարները հրաժարվում են փոխհատուցում վճարել հուլիսյան բախումներից տուժած ռուսաստանաբնակ հայերին։
Սարկիսովը հիշեցրել է, որ ինքն ու իր ընտանիքը ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել փոխհատուցելու Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից տուժած ադրբեջանցիների նյութական վնասները։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ պատասխան քայլ չի ձեռնարկել և չի ցանկացել փոխհատուցում վճարել հայերին։
Սարկիսովի և «Հայերի ասամբլեայի» անունից հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Թեև համաձայն չենք այն մտքի հետ, թե Մոսկվայում վերջերս տեղի ունեցածի համար հայերն ու ադրբեջանցիները հավասար պատասխանատվություն են կրում, այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանք բոլորն իրենց բիզնեսի և մասնավոր սեփականության պաշտպանության հավասար իրավունք ունեն»։
Քանի որ ադրբեջանցիները չեն արձագանքել հայերի վնասները փոխհատուցելու առաջարկին, Սարկիսովի ընտանիքը իր վրա է վերցնում մոսկվաբնակ հայերին փոխհատուցում վճարելու պարտականությունը։ Միաժամանակ գործարարը նշել է, որ ադրբեջանցիների վնասները փոխհատուցելու առաջարկը ևս մնում է ուժի մեջ և համապատասխան դիմումների դեպքում փոխհատուցումներ կվճարվեն։
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլայ Սարկիսովն ու իր ընտանիքը ադրբեջանցի գործարարներին առաջարկել էին փոխհատուցել հուլիսին Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հայերին պատճառված նյութական վնասները՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով փոխատուցել ադրբեջանցիների կրած կորուստները։
Հիշեցնենք, որ 2020թ․ հուլիսի 12-ին ՀՀ Տավուշ մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի նախաձեռնությամբ սկսված բախումների ֆոնին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունում, տեղաբնակ ադրբեջանցիները հայերի դեմ զանգվածային բռնություններ իրականացրեցին։ Մասնավորապես Մոսկվայում տեղի ունեցած բախումների հետևանքով մի քանի տասնյակ քաղաքացիներ էին ձերբակալվել, նրանցից 15-ը կալանավորվել են։ Վերջիններիս սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով։