Էրդողանը պատմել է, թե ինչպես է ձախողել ցեղասպանության բանաձևը

1653

ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խորհրդարանական խմբակցության ժողովի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի արդյունքները:

Ելույթի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին:

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ և 11 դեմ ձայնով ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նույնաբովանդակ մեկ այլ բանաձև ներկայացվել էր Սենատ:  

Ըստ Էրդողանի՝ Թրամփի հետ հանդիպմանը փաստաթղթերով ցույց է տվել, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևը «անարդար է և չի համապատասխանում պատմական ճշմարտություններին»: Իսկ Սենատ ներկայացված N 150 բանաձևի մասին խոսելիս՝ Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո հայկական բանաձևը Սենատի օրակարգ բերելու փորձերը ձախողվել են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը մասնակցել էր Թրամփ-Էրդողան հանդիպմանը, վետո էր դրել բանաձևի վրա, ինչից հետո այն չէր ներառվել Սենատի օրակարգ: