Դավիթ Տոնոյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

949

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 23-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Նույն օրը Դավիթ Տոնոյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում: