Իրանի ԱԳՆ-ն անհիմն է որակել ամերիկյան Politico թերթի պնդումը՝ ըստ որի Թեհրանը դիտարկում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի նկատմամբ մահափորձ իրականացնելու հնարավորությունը:
«Այդ անհիմն մեղադրանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության՝ Իրանի դեմ տեղեկատվական քարոզչության մի մասն են: Այդ մեթոդները, որոնք, հավանաբար, հետագայում ևս կկիրառվեն, անկասկած, անարդյունավետ կլինեն, և կլրացնեն Իրանի դեմ Վաշինգտոնի անհաջողությունների ցանկը»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
Նշենք, որ Politico թերթը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, գրել էր, որ Իրանի իշխանությունները դիտարկում են ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպան Լան Մարքսի նկատմամբ մահափորձ իրականացնելու հնարավորությունը՝ փորձելով այդ կերպ պատասխանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: