Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է երկրում ինտերնետն անջատելու որոշումը

1401

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությամբ քաղաքացիները խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունք ունեն,- նոյեմբերի 25-ին լրագրողներների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբբաս Մուսավին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով բենզինի գնի թանկացմամբ պայմանավորված նախորդ շաբաթ Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, նշել է. «Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ Իրանի քաղաքացիները տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, սակայն խաղաղ բողոքի ցույցերը պետք է տարբերել անկարգություններից»:

Աբբաս Մուսավին, անդրադառնալով իրանական դեպքերին արտաքին միջամտությանը, հույս է հայտնել, որ այն երկրները, որոնք աջակցել են բողոքի ակցիաների ժամանակ կազմակերպված անկարգություններին, կընդունեն իրենց պատասխանատվությունը:
Անդրադառնալով երկրի ողջ տարածքում ինտերնետն անջատելու որոշմանը՝ Մուսավին նշել է. «Իրանը ճանաչում է տեղեկատվության ազատ հասանելության քաղաքացիների իրավունքը, սակայն ճգնաժամային իրավիճակներում որոշակի սահմանափակումների կիրառումը բնական է»:

«Եթե ինչ-որ տարածքում հրդեհ է բռնկվում, ապա առաջին քայլերից մեկը, որ արվում է, անջատվում է տեղանքի գազը: Գազն անջատելով, ոչ թե քաղաքացիներին զրկում ենք այն օգտագործելու իրավունքից, այլ ապահովում ենք այդ տարածքի բնակչության անվտանգությունը: Ինտերնետի անջատումն անհրաժեշտություն էր»,-հավելել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: