Վրաստանը ներքաղաքական ճգնաժամի շեմին. Մեկնաբանում է վրացագետը

1799

«Չնայած Վրաստանում ստեղծված բավականին բարդ ներքաղաքական իրավիճակին` երկրում հեղափոխական սցենարները բացառվում են, մանավանդ որ հերթական` 2020 թվականի ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել», — «RegionMonitor»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Ջոնի Մելիքյանի գնահատմամբ՝ վրացական իշխանությունները վերահսկում են իրավիճակը:

«Բողոքի ցույցեր դեռ կլինեն, բայց մոտ ժամանակներս լարվածությունը կմարի է: Իշխող թիմին հաջողվում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ։ Ընդդիմությունն էլ իր հերթին ոստիկանությունից ծանուցումներ է ստացել, որ բոլոր գործընթացները պետք է մնան օրենքի շրջանակներում», — ասաց Մելիքյանը:

Փորձագետի կարծիքով՝ 2020 թվականի ընտրություններում իշխող «Վրացական երազանքին» կհաջողվի մնալ իշխանության գլխին, բայց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» էլ լավ դիրքեր կպահպանի, քանի որ եթե ԸՕ-ում ոչինչ չփոխվի, ընդդիմադիր կուսակցությունները կրկին դաշինքներ կազմելով հաջողություններ կգրանցեն:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր սկսվեցին` ընդդեմ իշխող «Վրացական երազանքի»  կուսակցության եւ Բիձինա Իվանիշվիլու։ Ցույցերի պատճառը նոյեմբերի 14-ին խորհրդարանում տապալված քվեարկությունն էր, որի ժամանակ չհաստատվեց համամասնական ընտրակարգին անցնելու սահմանադրական օրինագիծը: Խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրած և այնտեղ գիշերող ակտիվիստները պահանջում էին համամասնական ընտրակարգով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, ժամանակավոր կառավարություն ձևավորել և վերակազմավորել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս առավոտ Վրաստանի ՆԳ ուժերի կողմից անցկացված միջոցառումների արդյունքում օրենսդրական մարմնի մուտքերն ազատվել են ցուցարարներից։ Արդյունքում վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 28 անձ: Տուժել էր երեք քաղաքացի:

նշենք, որ թեև ցույցերի արդյունքում իշխող «Վրացական երազանքի» մի քանի ներկայացուցիչներ վայր դրեցին իրենց մանդատները և միացան ընդդիմադիրներին, սակայն, իշխող «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցությունը դեռևս շարունակում է ամենամեծը մնալ: