Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ

740

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:

«Մենք այս պատերազմը հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներով, որոնք կամավորագրվում են և ցանկանում են կամավորագրվել: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցավակցել մեր զոհվածների համար»,-այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Արցախի նախագահն, անդրադառնալով դիրքեր վերցնելու և դիրքեր տալու մասին տեղեկություններին, նշեց, որ ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում:

«Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ համատարած պատերազմ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինուժն օգտագործում է և շարունակում է օգտագործել: Առաջնագծում մի քանի հարյուր տեխնիկա է հաշվվում: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև նշեց, որ Ադրբեջանի Հանրապետությունն ամիսներ շարունակ պատրաստվել է Արցախի դեմ լայնածավալ պատերազմին: 

«Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան, իսկ իրենք տեղադրում են մեր պաշտպանական զենքերի լուսանկարները: Նրանք փորձել են առաջին հերթին վնասազերծել մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական օբյեկտները»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ այժմ կռվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: