ՄԱԿ-ի ԱԽ-ը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը

609

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին գումարել հրատապ դռնփակ խորհրդակցություններ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:

«Քննարկումն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երեքշաբթի օրը՝  դռնփակ խորհրդակցության ձևաչափով», — նշել է աղբյուրը:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք պետություններ: 

Խորհրդակցության ձևաչափը ենթադրում է, որ ներկա են լինելու միայն ԱԽ-ի 15 անդամ երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար: