Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ-ին հորդորել է դատապարտել ադրբեջանական ագրեսիան

390

ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը հրապարակել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական Միությանը հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: 

«Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է: Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետ քայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաև պատժամիջոցների դիմելու հնարավորությունը, ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում»,- նշել է Կաստալդոն: