Իրանցի պատգամավորները կապի նախարարից պահանջել են միացնել ինտերնետը

1659

Իրանի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ նամակով դիմել են ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին՝ պահանջելով միացնել բջջային հեռախոսների ինտերնետը:

Պատգամավորները նշել են, որ հատկապես մայրաքաղաք Թեհրանում բջջային հեռախոսների ինտերնետի անջատումը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես տնտեսվարողների, այնպես էլ կրթության ոլորտի ներկայացուցիչների համար:

«Այս օրերին Իրանի ուշիմ քաղաքացիների շնորհիվ երկրում, մասնավորապես մայրաքաղաք Թեհրանում կայունություն է հաստատվել»,-նկատել են պատգամավորները:

Ավելի վաղ ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը տեսաուղերձի միջոցով ինտերնետի անջատման հետևանքով պատճառված անհարմարությունների համար ներողություն էր խնդրել քաղաքացիներից: