F-16-երը բերվել են, որովհետև ադրբեջանական օդուժը չի կարողանում լուծել իր խնդիրները․ Արծրուն Հովհաննիսյան

525

Լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական F16-երի հարցին, նշեց, որ շատ լավ գիտեն, թե ադրբեջանական զինված ուժերում ինչ կործանիչներ կան:

«Նախ սկսենք նրանից, երբ Ադրբեջանում դեռ օգոստոսին ավարտվեցին զորավարժությունները և այդ F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից ու մնացին Ադրբեջանի օդանավակայանում, այս մասով Պաշտպանության նախարարությունը հարցը բարձրացրել է համապատասխան մարմինների առաջ։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր սա չընդունել, և երեկվա իրենց ծիծաղելի հայտարարությունը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16, մենք շատ լավ գիտենք, թե իրենց զինված ուժերում ինչ կործանիչներ կան։ Եվ լավ գիտենք, որ իրենք կազմում եղած կործանիչներն իրենց առաջ դրած խնդիրը չեն կարող կատարել, դրա համար F-16-եր են բերել։ Եվ լավ գիտենք, որ այդ F-16-երի հետ իրենք վաղուց աշխատում էին զորավարժություններում»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների միջոցով։

«Եվ բոլոր նրանց, ովքեր հերքում են ու փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով։ F-16-երը բերվել ու աշխատում էին օրեր առաջ, կատարում էին հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ։ Ինչո՞ւ էին բերվել, բերվել էին, որովհետև նախ ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել, այդ մակարդակը, այդ տեխնիկական հագեցվածությունը, այդ փորձը չունի։ Երկրորդ, Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ, Բայրաքթար և այլ տեսակի ԱԹՍ-ները։ Հետևաբար, պետք էր F-16-ը, որպեսզի կարողանար այդ համադրումն իրականացնել»,- ասաց նա։