Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի ծրագիրը. պահանջում է Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական ճանաչել

1581

Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ծրագիրը, որի նպատակն է պաշտպանել Բալթյան երկրներին և Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից: «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան հրաժարվել է աջակցել այդ ծրագրին, պահանջելով, որ ՆԱՏՕ-ն ավելի լայն քաղաքական աջակցություն ցուցաբերի Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդական ուժերի Թուրքիայի ռազմական գործողությանը:

Թուրքիան կարգադրել է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչին չստորագրել փաստաթուղթը քանի դեռ ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) չի ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նշվել է, որ ՆԱՏՕ-ի այս ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է կառույցի անդամ 29 երկրների համաձայնությունը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի այս դիրքորոշումը կարող է դժվարացնել Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու գործընթացը:

«Reuters»-ի դիվանագիտական աղբյուրի գնահատմամբ՝ Թուրքիան զիջումներ ստանալու համար արգելափակելով ՆԱՏՕ-ի ծրագիրը, «պատանդ է վերցրել» արևելյան եվրոպացիներին: