Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Արցախի ԱԳ նախարար

419

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները, թիրախավորելով Արցախի քաղաքացիական բնակչությանը, խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը:

«Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտել են միջազգային իրավունքների` թիրախավորելով Արցախի քաղաքացիական բնակչությանը, քաղաքներն ու գյուղերը, որի հետևանքով ունեցել ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ: Միջազգային հանրությունը կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, բայց Թուրքիան ու Ադրբեջանը լկտիաբար մերժում են միջազգային հանրության կոչը»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի դեմ ահաբեկիչների ու վարձկանների կռվելու փաստերը հավաքվում են և դրանք անպայման կհասցվեն համապատասխան կառույցներին: