Ադրբեջանի խորհրդարանը կցրվի. կանցկացվեն արտահերթ ընտրություններ

3655

Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Այսօր Բաքվում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:

Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի վաղը՝ նոյեմբերի 29-ին: Նշենք, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, ուստի սպասվում է, որ վերոնշալ որոշումը կընդունվի։

Որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում նշվել է, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Հատկանշական է, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Նշենք, որ Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին: