Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի դրոշը։ 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ Վրաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ Նախագահության վեց ամիսների ընթացքում Վրաստանը Եվրոպայի խորհրդի շրջանակներում կազմակերպելու է 20 միջոցառում:
Դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և այլ պատվավոր հյուրեր։ Արարողության ընթացքում կտրվել է խորհրդանշական ժապավենը և կատարվել Վրաստանի պետական օրհներգը:
Նախագահությունը Վրաստանին փոխանցեց Ֆրանսիան՝ այսօր Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստի ժամանակ։ Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական նախարար Ամելի Դե Մոնշալենը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին փոխանցեց խորհրդանշական բանալին: