Բագրատունի. Այս պատերազմը շարունակությունն է 1915-ի Ցեղասպանության

482

«Մենք այս պատերազմը տեսնում ենք որպես Ցեղասպանության շարունակություն՝ ուղղված աշխարհասփյուռ  համայն հայ ժողովրդի դեմ, ավելի մեծ` քան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարվող պարզ հարձակումը՝  Իսրայելի բացահայտ ու բացարձակ զորակցությամբ»,-հայտարարել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին՝ նշելով, որ «ադրբեջանական զինամթերքի 60-70 տոկոսը իսրայելական արտադրության է»:

Պատասխանելով լիբանանյան «Ջադիդ» հեռուստակայանի հարցերին՝ Բագրատունի նկատել է տվել, որ չորս օր առաջ իսրայելական երկու օդանավ Թել Ավիվից զինամթերք է փոխադրել Ադրբեջան, և ադրբեջանական սպայակույտի մեջ կան մասնագետ-պատասխանատուներ: «Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել երրորդությունը կազմում է տարածաշրջանի չարիքի առանցքը»,-ընդգծել է Յակոբ Բագրատունին:

Պատերազմում լիբանանահայ կուսակցական անդամների մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Բագրատունի ասել է. «Անհատական առումով` այո՛, կան երիտասարդներ, որոնք կամավոր գնում են զինվորագրվելու, սակայն կուսակցական առումով որևէ որոշում չկա, ոչ էլ քաջալերում, ու թերևս մեր տղաները քննադատում են մեզ մեր այս կեցվածքին համար»:

Իսկ ինչ վերաբերում է Լիբանան պետությունից ակնկալիքներին՝ Բագրատունին նշել է. «Մենք գիտենք Լիբանան պետության առանձնահատուկ կեցվածքը այս հարցում ու ինքնամեկուսացումը կամ կրավորական կեցվածքը կապ չունի իրավունքի և արդարության հետ»:

«Ինչպես որ Հայաստանը միջազգային հարթակներում զորակցում է լիբանանյան ու արաբական հարցերին, վստահաբար կան  պատգամավորներ ու նախարարներ, որոնք ծածուկ թե բացահայտորեն զորակցում են մեզ, վստահաբար  ակնկալում ենք նաև Լիբանան պետությունից, որ ավելին ցուցաբերի Արցախի հարցով»,-ընդգծել է պատգամավոր Հակոբ Բագրատունին: