«Եթե մենք ծրագիր չունենանք, Թուրքիան կմտնի Սիրիա». ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է համատեղ ուժերով բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում. WP

1353

Բարձրաստիճան ամերիկացի օրենսդիրները և զինվորական պաշտոնյաները ճնշում են գործադրում Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա՝ պահանջելով հարյուրավոր զինծառայողներ ուղարկել Սիրիա ու Թուրքիային սահմանակից հատվածում բուֆերային գոտի ստեղծել:

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ հենց այդ հատվածում տեղակայված ամերիկյան զորքերը պատրաստվում են հեռանալ: Սակայն եթե եվրոպական երկրները համաձայնեն առաջարկին, նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորքի մի մասն այնտեղ թողնել ու այդպիսով որոշակի օգնություն ապահովել եվրոպացիների համար:

Տեղեկությունը հայտնել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը՝ ընդգծելով, որ դա «հետխալիֆայական ռազմավարություն» է (նկատի ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարած խալիֆայությունը), որը քննարկվել է և դեռ պետք է քննարկվի Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում:

Գրեհեմը մանրամասնել է, որ իսլամիստների հռչակած խալիֆայությունն այլևս չկա, մնացել են միայն մանր հատվածներ, որոնք արդեն չեզոքացվում են:

Սենատորը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերները չեն մերժի Թրամփի առաջարկը:

«Բոլորս էլ տառապել ենք այդ խալիֆայության ստեղծումից, հիմա այն ոչնչացված է: Հաջորդիվ ի՞նչ է լինելու: Հետխալիֆայական ռազմավարությունը պետք է տարբերվի խալիֆայության ավերմանն ուղղված պայքարից: Եթե մենք խաղի պլան չունենանք, Թուրքիան կմտնի Սիրիա և կբախվի քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատներին: Մենք անվտանգ գոտու կարիք ունենք»,-ասել է սենատորը՝ ընդգծելով, որ Արևմուտքը քրդական ուժերին պաշտպանելու պատասխանատվություն ունի:

Աղբյուրը հավելում է, որ Պենտագոնն արդեն աշխատում է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման ծրագրի շուրջ: Ըստ ծրագրի՝ եվրոպական երկրներն ընդհանուր 1 500 զինծառայող պետք է ուղարկեն Սիրիա: Եթե դա տեղի ունենա, Թրամփն իր կողմից 200 ամերիկացի զինծառայող կպահի երկրի հյուսիս-արևելյան հատվածում: