Գերմանիան կարող է վերանայել իր չեզոք դիրքորոշումը, եթե Ադրբեջանը շարունակի մերժել հրադադարը

630

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հոկտեմբերի 7-ին Բունդեսթագում Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ պատասխանելով Ձախակողմյան պատգամավոր Գրեգոր Գիսի հարցին, թե արդյոք դաշնային կառավարությունը, պահպանելով միջնորդի իր չեզոք դիրքը, շարունակելու է կողմերին կոչ անել դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, թե՞ պատրաստ է համերաշխություն ցուցաբերել հայերին՝ նշել է, որ եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, Գերմանիան կփոխի իր դիրքորոշումը:

«Ոչ միայն մենք, այլ նաև շատ այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ: Եվ այս դերը սովորաբար պահանջում է որոշակի չեզոքություն, հակառակ դեպքում դուք չեք ընդունվի որպես միջնորդ: Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, երբ Հայաստանը հրադադար է առաջարկել, իսկ Ադրբեջանը մերժել է այն, ապա պետք է ինքներս մեզ հարց տանք՝ որքանո՞վ է հնարավոր շարունակել պահպանել հավասարապես չեզոք դիրքը երկու կողմերի համար էլ»:

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «եթե Ադրբեջանը ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն չհայտնի , ապա ԵՄ-ն կուժեղացնի ճնշումը նրա վրա»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը համակարծիք է, որ «Թուրքիայի նման երկիրը, որը հավատարիմ է հակամարտության շարունակմանը», միևնույն ժամանակ չի կարող վստահելի միջնորդ լինել այսպես կոչված Մինսկի խմբում՝ Մաասը նշել է, որ ըստ Թուրքիայի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող հակամարտությունը լուծել, դրա համար էլ այս պահին Մինսկի խմբի տանիքի տակ «տենդագին որոնվում» են այնպիսի կողմեր, որոնց կհաջողվի հակամարտության կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: