ՀՀ վարչապետ.«ԼՂ բանակցային գործընթացում կարողացել ենք դիրքավորվել մեր ռազմավարական շահերին համապատասխան»

1335

Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ կառավարությունն ավելի շատ ժամանակ է տրամադրելու ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքներին:

«Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել, և հիմա, ըստ էության, եկել ենք մի փուլի կամ ավելի ճիշտ կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանության մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք: Եվ, ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանը համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության հետ, մեր տնտեսության արդի իրավիճակի և մեր մակրոտնտեսական իրավիճակի հետ: Գիտեք, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը»,- իր մոտեցումը հիմնավորեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները:

 «Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ մեր կառավարությունը կարողացել է դիրքավորվել մեր ընթացիկ պատկերացումներին, ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պիտի անեմ հետևյալն է, որ մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է, ապահովել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա: Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարման պատասխանատվությունը ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ կայացած իրողություն է»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ վերջին  1.5 տարվա պրոցեսները թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով ցույց են տվել կառավարության ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը ՀՀ ազգային և պետական շահերին:

«Եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր՝ դնենք մեր հետագա գործունեության հիմքում: Ինչի՞ համար է անհրաժեշտ ռազմավարական պատկերացումը ՀՀ հետագա զարգացման առումով: Մենք 2018 թվականի քաղաքական պրոցեսներով արձանագրեցինք, որ երկրում անկախությունից ի վեր քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասունացել է համակարգային ճգնաժամ, որը իր հերթին նաև ռազմավարական ճգնաժամ էր: Ինչո՞վ է դա արտահայտվել: Դա արտահայտվել է նրանում, որ, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով, մեր պետականության կերտման առաջին օրերին, առաջին շրջանում, նաև հետագայում չի կատարվել այդ ռազմավարական աշխատանքը՝ պատասխանելու մի պարզ հարցի՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը մեր ժողովրդի պատկերացումներով 2018 թվականին, 2020 թվականին: Եվ, հետևաբար, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լիներ այդ ռազմավարական տրամաբանության վրա, այսինքն` բոլորս տեսնեինք 10 տարվա, 20 տարվա, եթե հնարավոր է՝ ավելի երկարաժամկետ մեր հորիզոնը, որպեսզի պետական կառավարման մարմինները աշխատեին այդ տրամաբանությամբ: Այսինքն, նաև մենք հասկանայինք, թե ինչ խնդիրներ ենք դրել, ինչ ուղենիշների ուղղությամբ ենք շարժվում, և մեր ամենօրյա աշխատանքը պիտի կարգաբերեր, թե ինչքանով է մեր գործունեությունը տանում մեզ մեր ցանկալի նպատակներին:

Մենք այս փուլում պետք է ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5 տարի հետո մեր պատկերացմամբ Հայաստանը ինչպիսի երկիր պետք է լինի, 10 տարի հետո ինչպիսի երկիր պետք է լինի, 20, 30 տարի, եթե հնարավոր է ավելի շատ»,- ասաց նա։

Վերջում վարչապետը հավելեց. «Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ լուրջ փոփոխություններ կրել: Մենք ունենք երկու խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և, միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի մեր ռազմավարական մշակումները, փաստաթղթերը չկորցնեն կապը իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը»: