Մեկ օրվա ընթացքում 40 զոհ. Իրաքի վարչապետը հրաժարական է ներկայացրել

1601

Իրաքում շարունակվում են բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Հատկապես արյունալի բախումներ են գրանցվել երկրի հարավում, որտեղ Իրանի դեսպանատան հրկիզումից հետո 36 ցուցարար է սպանվել անվտանգության ուժերի կողմից, իսկ 245-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

Մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության ուժերի կողմից արձակված մարտական փամփուշտներից մահացու վիրավորում է ստացել 4 ցուցարար, իսկ 22-ը մարմնական վնասվածքներ են ստացել։  

Այսպիսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսից սկսած զոհերի ընդհանուր թիվը գրեթե 350-ի է հասել, իսկ հազարավոր մարդիկ վիրավորվել են բախումների ժամանակ։

Իրաքում ցույցերի ծավալման սկզբնական շրջանում ցուցարարները պահանջում էին իշխանություններից լուծել կոռուպցիայի և երիտասարդների գործազրկության  հետ կապված խնդիրները։

Սակայն այժմ ցուցարարների հիմնական պահանջը երկրի քաղաքական իշխանությունների հրաժարականն է՝ վարչապետի գլխավորությամբ։  

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 29-ին Իրաքի վարչապետ Ադիլ Աբդումեհդին հայտարարել է իր հրաժարականի մասին։