Թուրքիայում Ջեմալ փաշայի թոռանը արգելել են լքել երկրի տարածքը

3524

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին արգելել են լքել Թուրքիայի տարածքը։

Հասան Ջեմալը մի քանի օր առաջ Ստամբուլի օդանավակայանից փորձել է մեկնել Բեռլին, սակայն ոստիկանները նրանից առգրավել են անձնագիրը, ինչի հետևանքով նա չի կարողացել մեկնել Գերմանիա։

Թուրքական աղբյուրները նշում են, առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նրա անձնագրի առգրավման պատճառը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Հասան Ջեմալի նկատմամբ առաջադրված են մի շարք մեղադրանքներ։

Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ Փաշայի թոռն է: Նա աշխատել է թուրքական «Cumhuriyet», «Sabah», «Milliyet» թերթերում։ Նա 2012 թվականին տպագրել է  «1915. Հայոց ցեղասպանություն» գիրք, որը մեծ աղմուկ էր հանել, թե Հայաստանում, թե Թուրքիայում: