Վրացական ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ այս շաբաթվանից բողոքի ցույցերն անց են կացվելու նաև մարզերում: Ինչպես հայտարարել է Վաշաձեն «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում կայացած հանդիպումից հետո՝ մարզերում բողոքի ցույցերը կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին՝ Քութայիս քաղաքից: Բացի այդ, նրա խոսքով, խորհրդարանի շենքի արգելափակումը շարունակվելու է:
«Եկող շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև մարզերում: Ուրբաթ օրը դրանք կմեկնարկեն Քութայիսից: Հավանաբար մեծ երթ կանենք Քութայիսում ժամը 14:00-ին: Զուգահեռաբար մենք սպասում ենք դատավորների ընտրությանը և անպայման կլինի խորհրդարանի շենքի արգելափակում, հավանաբար դա տեղի կունենա երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը», – ասաց նա:
Ըստ Վաշաձեի՝ նրանք սպասում են ընդդիմության նախապատրաստած ընտրական համակարգի օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է մեծ հանրահավաքի ամսաթիվը:
«Վաղն արդեն ուղարկում ենք նամակը ԵԱՀԿ-ին, այնպես որ կսպասենք պատասխանի և դրանից հետո կհայտարարենք լայնածավալ բողոքի ցույցի ամսաթվի մասին: Մեզ համար շատ կարևոր է իմանալ, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը: Պետք է սկսվի լայնածավալ դիմադրության շարժում, որի համար մենք ունենք հատուկ ծրագրեր»,- ասել է Վաշաձեն: