Ադրբեջանը նոր ռուսական զինատեսակներ ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել

1515

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է գնել ռուսական արտադրության նոր զենքեր։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան «РИА Новости»-ի հետ զրույցում մասնավորապես ասել է․ «Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերություններ է պահպանում ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Հատկապես ուզում եմ նշել Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցության մասին»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, իսկ նոյեմբերի 26-ին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020թ․ ռազմական համագործակցությանն առնչվող խնդիրներ։  «Եթե կարիք լինի, ապա Ադրբեջանը կարող է ձեռք բերել ռուսական արտադրության նոր զինատեսակներ», — հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ Բաքուն հետաքրքրված է ռուսական զենքի գնման վերաբերյալ նոր պայմանագրերի ստորագրմամբ, իսկ գործարքի մանրամասները կքննարկեն համապատասխան կառույցները։  Ալիևի խոսքով՝ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանին արդեն մատակարարվել է շուրջ հինգ միլիարդ դոլար արժողությամբ զենք և զինամթերք։