Ցեղասպանության բանաձևը արգելափակած ամերիակցի սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

1440

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ նոր փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը: Գրեհեմը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Հաղորդվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ: