Իրանի երկաթուղային ճանապարհը Հայաստանի համար դեպի Ռուսաստան և Չինաստան բեռնափոխադրումների այլընտրանքային ուղի կարող է լինել՝ սևծովյան նավահանգիստների փոխարեն։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի բեռնառափոխադրողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը՝ Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ։
Հովհաննիսյանի խոսքով՝ բավական է բեռները հասցնել ՀՀ սահմանից 80 կմ հեռավորության վրա գտնվող իրանական Ջուղա քաղաք, այնուհետև դրանք հնարավոր է տեղափոխել արդեն երկաթուղու միջոցով։ Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթգիծը, որով կարելի է հասնել և՛ Ռուսաստան, և՛ Չինաստան, գործում է 2014թ․-ից։
Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանից դեպի մի շարք ասիական երկրներ ու հակառակը բեռնափոխադրումների համար այս ճանապարհը օգտագործել կարելի է, պետք է միայն Իրանի հետ անդրսահմանային առևտուրը պարզեցնելու մասին պայմանավորվել։ Հայ և իրանցի մաքսայինների միջև համագործակցության համաձայնագիրն արդեն իսկ գործում է. նրանք տեղեկություններ են փոխանակում երկու երկրների միջև փոխադրվող բեռների վերաբերյալ, ինչի արդյունքում (որոշ բացառություններով) բեռները կրկնակի ստուգելու կարիք չի լինում։
Մասնագետի խոսքով՝ այս ամենից բացի անհրաժեշտ է բանակցություններ սկսել իրանական կողմի հետ՝ հայկական տարանցիկ ապրանքները ճանապարհահարկից ազատելու կամ գոնե այն մեղմացնելու մասին։