Լիբանանում հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցներ արգելափակել են Բեյրութի հայտնի կամուրջներից մեկը: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Բողոքի ակցիայի կազմակերպման հիմքում երկրի նախագահ Միշել Աունի հայտարարություն է, համաձայն որի՝ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում քննարկումներ կսկսվեն նոր կառավարություն կազմելու շուրջ:
Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոր վարչապետի հիմնական թեկնածուն խոշոր գործարար Սամիր Խատիբն է: Վերջինս նախկին վարչապետ Սաադ Հարիրիի մերձավորներից մեկն է:
Լիբանանում «Հոկտեմբերի 17-ի հեղափոխական շարժումը» գրավոր հայտարարություն է տարածել, որ խաղաղ հեղափոխությունն ավարտվել է, և այսուհետ փակելու են ողջ ճանապարհները, բանկերը, համայնքապետարանները, դպրոցները և հեռուստատեսության շենքերը: Գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ իրենց քաղաքացիական անհնազանդությունը շարունակելու են մինչև նախագահ Աունի հրաժարականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին, զանգվածային ցույցերի ֆոնին Սաադ Հարիրին հրաժարական էր տվել: Հանրությանը զայրացրել էր հարկերը բարձրացնելու և, մասնավորապես, WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգ 20 սենտով հարկելու որոշումը: