Մարկ Էսփեր.«ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից»

1309

ԱՄՆ-ն ավարտել Է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին դեկտեմբերի 4-ին բրիտանական «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը:

Պենտագոնի ղեկավարի փոխանցմամբ` Սիրիայում ընդամենը կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող:

«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան Է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել Է Պենտագոնի ղեկավարը:

Էսփերը նաև չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան:

«Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր Է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել Է նա: