Մամեդյարովը կրկին մեղադրել է Հայաստանին Արցախում դատապարտված դիվերսանտներին չվերադարձնելու մեջ

762

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Արցախում մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ երեխայի առևանգման ու սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի խնդրի մասին:

ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանը համառորեն չի ցանկանում հետ վերադարձնել «պատանդ պահվող Ասկերովին ու Գուլիևին»:

Ադրբեջանցի նախարարն այս թեմայով մասնավորապես ասել է. «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում հարյուր հազարավոր բռնի տեղահանվածներ էթնիկ զտումների արդյունքում վտարվել են իրենց տներից։ Այս համատեքստում հատկապես կցանկանայի նշել Հայաստանի կողմից պատանդ պահվող, խոշտանգումների և այլ ստորացուցիչ վերաբերմունքի ենթարկվող Դիլգամ Ասգերովի և Շահբազ Գուլիևի գործը։ Հայաստանը համառորեն հրաժարվում է նրանց ազատել նույնիսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»։

2014 թվականի հուլիսին Շահումյանի շրջանով Արցախի  պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նշենք, որ տարեսկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն էր այն մասին, թե Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իր 2 քաղաքացիներ Ասկերովի ու Գուլիևի ազատ արձակումը:

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը ի պատասխան հայտարարել էր, որ դրա համար պետք է դիմել Արցախի իշխանություններին։

«Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին,- ասել էր Ներսիսյանն ու ավելացրել,-«Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ նախադեպեր կան»: